Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ոչինչ, Հիսուսն էլ էր բժշկում

Ոչինչ, Հիսուսն էլ էր բժշկում
18.05.2017 | 10:57

Այսօր՝ 2017-ի մայիսի 18-ին, ժամը 10-ին աշխատանքները կսկսի 6-րդ գումարման Ազգային ժողովը, որ ընտրվեց ապրիլի 2-ին: Երեկ ՀՀԿ ԳՄ նիստում հայտնի դարձան ՀՀԿ ԱԺ նախագահի և փոխնախագահների, 6 հանձնաժողովների նախագահների թեկնածուները: Նրանց այսօր կոալիցիոն մեծամասնությունը բարեհաջող կընտրի: ԱԺ նախագահ կլինի Արա Բաբլոյանը: Բժիշկ: Մանկաբույժ: Շատ տարիներ առաջ՝ առողջապահության նախարար: Թերևս ՀՀԿ թեկնածուներից նա միակ անակնկալն էր: Բայց պարզվեց, որ խորհրդարանին բժիշկ է պետք և ՀՀԿ-ականները միաձայն կողմ են բժշկվելուն: Կրկնեմ՝ ոչ միայն բժիշկ, այլև՝ մանկաբույժ: Նշանակո՞ւմ է, որ մանկավարժ Գալուստ Սահակյանից հետո պատգամավորների կառավարման ու աշխատանքների կազմակերպման գործում կարևորվել է բժշկի հանգամանքը:

Փաստացի՝ նա փոխզիջումային ֆիգուր է՝ ոչ Կարեն Կարապետյանն է, ոչ Արփինե Հովհաննիսյանը, չեզոք թվացող կուսակցական է, որ ընդունելի է և նախագահ Սերժ Սարգսյանի համար, և վարչապետ Կարեն Կարապետյանի, որ ընտրարշավի օրերին հաճախ էր նրա ընկերակցությունը վայելում և գուցե կարծում է, որ Արա Սայենիչը «իր հետ» է: Բնավ՝ ոչ: Փոխզիջումային ֆիգուրի անհրաժեշտությունը զգացվում է մինչև հանգուցալուծում: Ե՞րբ կլինի հանգուցալուծումը՝ արդեն եկող տարի՞, թե՞ ավելի ուշ՝ կերևա իրադարձությունների զարգացումից: Գլխավորը, որ Հիպոկրատի երդում տված Արա Բաբլոյանը խորհրդարանում էլ գործի «Մի վնասիր» սկզբունքին հավատարիմ: ՀՀԿ-ն իր «նոր ոգին» ընդամենը օգտագործեց ընտրարշավի ժամանակ և ԱԺ նախագահի գործը չվստահեց: Փոխարենը՝ Արփինե Հովհաննիսյանը դառնում է ԱԺ փոխնախագահ, որ նրա սլացիկ կարիերայի համար բոլորովին էլ առաջընթաց չէ: Ինքնադրսևորման և մասնագիտական որակների առումով շատ ավելին էր արդարադատության նախարարը, քան պատգամավորների խոսափողն անջատել-միացնելու արտոնությունը: Առաջընթաց չեղավ և Էդուարդ Շարմազանովի համար՝ նա մնաց իր պաշտոնում, որ, որոշակի հանգամանքներ հաշվի առնելով, գուցե և առաջընթաց է: Աժ մշտական հանձնաժողովներում վերահայտնվեցին Գագիկ Մինասյանը՝ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, Կորյուն Նահապետյանը՝ ներքին գործերի և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ, Արմեն Աշոտյանը ևս հանձնաժողով կստանա՝ նախկին գիտության և կրթության հանձնաժողովի փոխարեն՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, տնտեսական հարցերով հանձնաժողովը կնախագահի Խոսրով Հարությունյանը, որ նույնպես անակնկալ է, պետաիրավականը՝ Հրայր Թովմասյանը, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը՝ Հակոբ Հակոբյանը: Կարող եք համոզվել, որ էլիտայի փոփոխություն չկա ու ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսները կախվում են օդում:


Շատ ավելի ծանր է վիճակը ԲՀԿ-ում: Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Ամեն մեկդ էլ արժեք եք, ոչ մեկիդ չեմ ուզում կորցնել», բայց շատ տարբեր են իրարից կուսակցական ու պատգամավորական «արժեքները»: ԲՀԿ-ն նորից խորհրդարան է տեղաշարժում իր անշարժ գույքը և դեմագոգիայի զինանոցը: Ավելին՝ ԱԺ փոխնախագահ է առաջադրում Միքայել Մելքումյանին, որ կյանքում գոնե մեկ նախադասություն սկզբից մինչև վերջ չի արտաբերել, տրամաբանության մասին մոռանանք: Իսկ որ Գագիկ Ծառուկյանը կուսակիցներին ասում էր «Ճամբարափոխ մարդը ոչ մեկին էլ պետք չի», հենց Միքայել Մելքումյանի օրինակը հերքում է: Լավ էլ պետք եկավ՝ ճամբարները իբրև աստիճան օգտագործելով՝ կարիերայի սանդուղքով բարձրանալու համար: Եվ ոչ միայն նա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայաստանում իշխանափոխություն չի լինում ընտրություններով, Հայաստանում չի լինում հեղափոխություն: Փոփոխությունները, մինչդեռ, անհրաժեշտություն են: Էլիտայի փոփոխություն՝ հատկապես ու մասնավորապես: ՀՀԿ-ն չէ այդ փոփոխության ունակ և ցանկություն ունեցող ուժը: Ոչ էլ ԲՀԿ-ն, ոչ էլ ՀՅԴ-ն: Մնաց «Ե՞լքը»: Իսկ ո՞վ կտա «Ելքին» ելքի հնարավորություն:

Դիտվել է՝ 2117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ